Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ, Ժնեւի համալսարանի գրականության ֆակուլտետի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ազգությամբ իտալուհի Վալենտինա Կալցոնարիին:

Հանդիպման ընթացքում խոսվեց հայագիտական խնդիրների, մասնավորապես հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հերթական՝ 13-րդ համաժողովի մասին, որը կարեւոր քայլ համարվեց հայագիտության զարգացման եւ գիտական տեղեկատվության փոխանակման դիտանկյունից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության, հայագիտական լավագույն աշխատանքների մրցույթ կազմակերպելու վերաբերյալ:

Միջազգային մեծ հեղինակություն վայելող այս ընկերակցությունը հիմնադրվել է 1981 թ. հայագետներ Մայքլ Սթոունի (Երուսաղեմի Եբրայական համալսարանի հայկական հետազոտությունների ծրագրի բաժնի ամբիոնի վարիչ)  եւ Յոս Վայթենբերգի (Լեյդենի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի համեմատական լեզվաբանության բաժանմունքի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար) նախաձեռնությամբ։ Միավորում է ավելի քան 20 երկրից (1988 թ. նաեւ Հայաստանից) 400-ից ավելի հայագետների եւ հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների: Ընկերակցության հիմնական կորիզն են կազմում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնների առաջատար ուժերը՝ օտարազգի եւ հայ գիտնականներ:

Ընկերակցության հիմնական նպատակներից է հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով խթանելը, նորագույն ուսումնասիրությունների արդյունքները ի մի բերելը եւ գիտական շրջանառության մեջ դնելը, ինչպես նաեւ այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակում կազմակերպելը:

Ընկերակցությունը կապեր է ստեղծել աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի, Մատենադարանի հետ։

Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը (AIEA/ՀՈՒՄԸ) իր հերթական՝ 13-րդ համաժողովն անցկացրեց Երեւանում՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, 2014 թ. հոկտեմբերի 9-11-ը:

Համաժողովը կարեւորվեց նրանով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունեցավ Հայաստանում, որը նաեւ լավագույն առիթ էր եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար: