ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:
Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ այցը համընկել է Հայաստանում Գյուղատնտեսի եւ Պարենի համաշխարհային օրերի հետ, որոնց շրջանակներում կկայանան բազմաթիվ տոնական միջոցառումներ:
«Ուրախ եմ, որ Դուք նույնպես կմասնակցեք «Հայագրոֆորում» համաժողովի աշխատանքներին, «Արմպրոդէքսպո» ագրոպարենային ապրանքների ցուցահանդեսին եւ տոնական այլ միջոցառումներին», – նշել է նախարարը:
Հյուրի խնդրանքով նախարար Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը եւ համոզմունք հայտնել, որ տարեվերջին ոլորտում կգրանցվեն բարձր ցուցանիշներ: Նախարարը նաեւ շեշտել է, որ դրան նպաստել են նաեւ հանրապետությունում ՊԳԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը:
ՀՀ-ում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզին գոհունակություն է հայտնել Հայաստանում ընթացող ծրագրերի հաջողության ու արդյունավետության վերաբերյալ` շեշտելով, որ նա դիտում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որպես գործընկերության լավագույն օրինակ:
Անտոնիո Ալոնզին նշել է, որ գյուղատնտեսության բնագավառում համաշխարհային զարգացումներն ունեն ոչ թե գյուղատնտեսական տարածքների ավելացման, այլ դրանց կայուն զարգացման, խնայողատար տեխնոլոգիաների կիրառման միտումներ, եւ որ Հայաստանում գյուղատնտեսության վարման գործն իրավամբ համընկնում է այդ չափանիշներին: Նա նաեւ տեղեկացրել է, որ ՊԳԿ-ի առաջիկա ռազմավարական ուղղությունը գյուղական վայրերի զարգացումն է, զբաղվածության աստիճանի ու եկամուտների բարձրացումը:
Հիշեցնելով, որ այս տարվա Պարենի համաշխարհային օրվա խորագիրը ընտանեկան ֆերմերային տնտեսությունների զարգացումն է` ՊԳԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ տնտեսվարման այս ձեւը լուրջ հաջողություններ ունի Հայաստանի Հանրապետությունում:
Նախարար Սերգո Կարապետյանն, անդրադառնալով Հայաստանում ընթացող ՊԳԿ-ի ծրագրերին, առաջարկել է ավելի ակտիվ գործունեություն ծավալել սպանդանոցների կառուցման եւ ձկնաբուծության մեջ օգտագործվող ջրի խնայողական ռեժիմների կիրառման հարցերում: Անտոնիո Ալոնզին պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել այդ խնդիրներին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:




























