Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու վանական համալիրի հանդիսությունների սրահում, հոկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ հայ բժիշկների համառուսաստանյան առաջին համաժողովը` կազմակերպված Ռուսաստանի Հայերի միության բժիշկների ասոցիացիայի կողմից:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:
Դեսպան Եսայանն իր ելույթում կարեւորեց նման կառույցի կազմավորման նշանակությունը, որն իր շուրջն է համախմբել ՌԴ-ում բնակվող բժշկության ոլորտի հայազգի բարձրակարգ մասնագետներին: Դեսպանը հայտնեց նաեւ դեսպանության պատրաստակամությունն աջակցել նշյալ կառույցի եւ Հայաստանի միջեւ կապերի եւ մասնագիտական շփումների զարգացմանը:
Զեկույցներով հանդես եկան ակադեմիկոսներ, պրոֆեսորներ: Ելույթներ ունեցան ՀՀ գիտական միավորումների եւ ասոցիացիաների փորձագետները:
Համաժողովի արդյունքներով հաստատվեց Ասոցիացիայի 2015-2016թթ. աշխատանքային ծրագիրը եւ ընդունվեց Համաժողովի բանաձեւը:




























