«Եթե Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն լրագրողներին համարում է իրենց գործընկերը, ապա իշխանությունները լրագրողներին համարում են մեր հանցակիցները: Դրա վառ օրինակը „Ժամանակ“ թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ տեղի ունեցածն է, որը ծայրից ծայր կարելի է ոչ միայն քաղաքական հետապնդում գնահատել, այլ նաեւ ուղղակի մարդու նվաստացում, տանջանք ու խոշտանգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց այդ կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանը, հավելելով, որ կոնկրետ Ա. Բաբաջանյանի պարագայում ՀՀ իշխանությունները ամենացայտում եւ ամենարտառոց կերպոց ցույց տվեցին իրենց անմարդկային դեմքը, որի մասին պետք է բարձրաձայնել ամեն առիթով եւ ցույց տալ նրանց ամբողջ «գարշելիությունները»:

Այնուհետեւ խոսելով այն մասին, որ համաներումից առաջ իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ, թե որքանո՞վ է համաներումը պահանջված հասարակության կողմից, Կ. Ռուբինյանն ասաց. «Դուք երեւի հիշում եք, թե ինչպիսի խեղկատակ կերպով հասարակությանը մատուցվեց համաներումը: Որ իբր դա ոչ թե ԵԽԽՎ կողմից պարտադրանք է, այլ փորձ արվեց ներկայացնել, որ պետք է հասարակական կարծիքի ուսումնասիրություն արվի եւ հանձնարարվեց նախագահին կից Վազգեն Մանուկյանի ղեկավարած հանրային խորհրդին, որպեսզի նրանք ուսումնասիրեն իրավիճակն ու եզրակացություն տան, թե որքանո՞վ հասարակությունը համաներման կարիքն ունի»:

Նրա խոսքով, «եթե իշխանություններն ընտրել են այդ խեղկատակ ոճը, թող եւս մեկ անգամ անդրադառնան դրան, թող Վազգեն Մանուկյանի կառույցը` Հանրային խորհուրդը, եւս մեկ անգամ քննարկի, թե ի՞նչ արդյունքներ տվեց համաներումը, հասարակությունը բավարարվե՞ց այդ համաներմամբ։ Եւ եթե գան եզրահանգման, որ այնուամենայիվ, հասարակությունը բավարարված չէ, իսկ դա ակնհայտ է բոլորի համար, որովհետեւ Հայաստանում պահպանվեց քաղբանտարկյալների 21 հոգանոց բանակը, թող նորից դիմեն պարոն Սերժ Սարգսյանին եւ ասեն, որ Ձեր արած գործը կիսատ-պռատ է եւ պետք է գործն ավարտել: Կոչ եմ անում Հանրային խորհրդին՝ իրենց սկզբունքայնությունը պահպանեն եւ շարունակեն այդ ազգանվեր գործունեությունը»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ընդհատակում գտնվող Խաչատուր Սուքիասյանն ու Վիրաբ Մանուկյանը որոշեցին չվերադառնալ, որովհետեւ տեսան, որ մյուս վերադարձողները՝ հակառակ հասարակության սպասումների ու ԵԽԽՎ կոչերի, իրավապահներին ներկայանալով՝ զրկվում են ազատությունից եւ ենթարկվում քրեական հետապնդման: