ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ Իրաքի Քրդստանն անկախ պետություն ճանաչելու ժամանակը դեռ չի եկել։

«Ոչ, հիմա ժամանակը չէ։ Ժամանակը չէ շատ պատճառներով», - ուրբաթ  PBS հեռուստաալիքի հետ զրույցում ասել է նա եւ հստակեցրել, որ «հարկավոր է խնդիրները մեկառմեկ լուծել»։

«Ես կարծում եմ առաջնորդ  (Իրաքի Քրդստանի) Բարզանին դա հասկանում է, նա օգնել է Բաղդադում նոր կառավարության ձեւավորմանը, քրդերը մասնակցել են դրան։

Նրանք հասկանում են, որ կարեւոր է լինել միասնական եւ համախմբված ԻՊ-ի դեմ պայքարում », - շարունակել է Քերին: Նա չի բացառել, որ Քրդստանի ճանաչումը  «կարող է խափանել երկրի խորհրդարանական դաշինքը», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

2014 թ. սկզբից քուրդ ապստամբները ակտիվ մասնակցում են ԻՊ խմբավորման դեմ կառավարական ուժերի  հակաահաբեկչական գործողություններին ոչ միայն Իրաքի Քրդստանի տարածքում, այլեւ  Նայնավա, Սալահ-էդ-Դին եւ Անբար նահանգներում, ինչպես նաեւ պաշտպանում են Բաղդադի կառավարական շենքերը: