Իրանի միջուկային զենքը կարող է սպառնալ ոչ միայն ԱՄՆ-ի բարեկամներին, մասնավորապես Իսրայելին, այլեւ երկարաժամկետ հեռանկարում՝ հենց ԱՄՆ-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը ։ Նախագահը կառուցողական է անվանել բանակցությունները, որոնք «հինգ գումարած մեկ» խումբն իրականացնում է Իրանի հետ՝ միջուկային ծրագրի հետ կապված:
«Մեր պատժամիջոցների շնորհիվ, որոնք զգալի ազդեցություն են ունենում Իրանի տնտեսության վրա, նստել են բանակցությունների սեղանի շուրջ եւ առաջին անգամ լուրջ տրամադրված են, որպեսզի համաշխարհային հանրությանը վստահեցնեն, որ իրենց միջուկային ծրագիրը ռազմական չէ», - Օբամայի խոսքերն է մեջբերում աղբյուրը:
Օբաման ընդգծել է, որ Իրանի միջուկային զենքը «կարող է սպառնալ ոչ միայն ԱՄՆ-ի բարեկամներին, մասնավորապես Իսրայելին, այլեւ երկարաժամկետ հեռանկարում՝ նաեւ հենց ԱՄՆ-ին»: «Մենք Իրանին ծրագիր ենք ներկայացրել, որը նրան հնարավորություն կտա բավարարել էներգետիկական խաղաղ բնույթի կարիքները, - նշել է ԱՄՆ նախագահը: -Նրանց առաջնորդները պնդում են, թե միջուկային զենք չեն արտադրում: Եթե դա ճիշտ է, նրանք կարող են դա ապացուցել համաշխարհային հանրությանը՝ ստուգումների միջոցով»: Ըստ Օբամայի՝ դա Իրանին թույլ կտա դուրս գալ պատժամիջոցների ռեժիմից:
«ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր հերթին հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են միջուկային հարցի վերաբերյալ միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ վերջնական համաձայնագիր կնքել մինչեւ նոյեմբերի 24-ը:




























