Գորիսի շրջանի Քարահունջ գյուղ տանող ճանապարհին հուլիսի 23-ին 28-ամյա Արթուր Մարտիրոսյանի սպանության գործով դատավարությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց սպանվածի եղբայրը՝ Վարդան Մարտիրոսյանը:

«Դատավարությունը տեղի է ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում: Մարդասպանին՝ Ալեքսանդր Հովհաննիսյանին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման»,- ասաց Վարդանը:

Նրա խոսքով՝ Ալեքսանդր Հովհաննիսյանը դատարանում ընդունել է մեղքը, այդ պատճառով դատավարությունն այսքան արագ ավարտվեց:

Նշենք, որ Արթուր Մարտիրոսյանը Կապանից էր, ամուսանցած չէր, երկար տարիներ զբաղվում էր շինարարությամբ: Նա եւ Ալեքսանդրն աշխատում էին միասին, ծանոթացել էին դեպքից մեկ տարի առաջ Քարահունջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քարահունջում հուլիսի 23-ին սպանություն է տեղի ունեցել շինհրապարակում. 48-ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը «արմատուրայով» 3 անգամ հարվածել էր Արթուր Մարտիրոսյանին, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր: Արդեն ոստիկանությունում Ալեքսանդրը պատմել էր, որ դեպքի օրը միասին կերել, խմել են, հարբել, որից հետո սկսել վիճաբանել:«Արթուրն ինձ մայր հայհոյեց, ես էլ 3 անգամ տվի գլխին»,- ասել էր նա: