Երեւանի կենտրոնում շինարարական խոշոր նախագիծ կսկսվի: Այս մասին Գործադիրի նոյեմբերի 6-ի նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա՝ նախագծի ներդրող կարող է դառնալ դրսի հայերից մեկը, իսկ ներդրման ծավալը կարող է հասնել 120-130 մլն դոլարի: «Հույս ունենք, որ նախագծի համար խոչընդոտներ չեն ծագի»,- ասել է վարչապետը:
Համաձայն նախագծի՝ Երեւանի փոքր կենտրոնի մի խոշոր հատված առաջարկվում է վերակառուցել հին ոճով: «Հին Երեւան» համալիրը կկառուցեն Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցների միջեւ եղած տարածքում: Շենքը նախատեսվում է կառուցել առավելագույնը երկու ստորգետնյա հարկերով, երեք վերգետնյա հարկերով եւ ձեղնահարկով: Համալիրից ոչ հեռու կառուցվելու է հյուրանոց:
«Գլենդել հիլզ» եւ «Ի Էմ Սի» շինարարական ընկերություններին սեփականատերերին պատկանող այդ տարածքի հողատարածքները հանձնվելու են «Օլդ սիթի» ՓԲԸ-ին, որն ստեղծվել է առաջին երկու ընկերությունների սեփականատերերի կողմից՝ հատուկ այս նախագիծն իրականացնելու համար:
Նշենք, որ այդ տարածքում անշարժ գույքը (ամենաթանկը քաղաքում) 2013 թ. օգոստոսին արդեն օտարվել էր սեփականտերերից՝ հանրային գերակա շահ ճանաչվելու հիմնավորմամբ՝ «Գլենդել հիլզի» եւ «ԻԷմՍի»-ի օգտին:




























