Հայաստանում 2013թ. եւ 2014թ. 9 ամիսների ընթացքում թրաֆիքինգ եւ մարդկանց շահագործում իրականացնելու համար մեղադրանք է առաջադրվել 17 մարդու նկատմամբ, ընդ որում՝ նրանցից 4-ի նկատմամբ միջազգային հետախուզության է հայտարարվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ 2012-2014թթ. ընթացքում թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման հատկանիշներով Հայաստանում 28 մարդ է դատապարտվել: «Ընդ որում, նրանցից միայն մեկն է 4 տարով ազատազրկվել. մնացածները դատապարտվել են 7-13 տարվա ազատազրկման», - ընդգծեց Պետրոսյանը: Ինչ վերաբերում է միջազգային հետախուզության մեջ գտնվող մեղադրյալներին, ապա Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության պետի հաղորդմամբ, նրանց թիվը 16-ն է: