Կալիֆորնիական Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել հողատարածքի վարձակալության նպատակով տեղական ոչ առեւտրային կազմակերպության հետ բանակցությունների սկսելու համար համաձայնագիր կնքելու նախագծին՝ հայկական թանգարան եւ մշակութային կենտրոն կառուցելու նպատակով: Ըստ համաձայնուևթյան, քաղաքն այդ հողատարածքն այլ անձանց չի տրամադրվի, համենայն դեպս՝ հաջորդ տարի:
Ըստ «Glendale News-Press» պարբերականի, քաղաքային խորհրդի որոշման արդյունքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Արեւմտյան Ամերիկայի հանձնախումբը կսկսի ուսումնասիրել շինարարական նախագիծը: Կենտրոնը կառուցվելու է Գլենդելի համայնքային քոլեջի դիմաց:
Հանձնախմբի կազմում ընդգրկված են 20 տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ձգտում են կառուցել թանգարան, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: Վերջնական նախագիծը կարող է նաեւ ներառել ցուցասրահ ու թատրոն, ինչպես նաեւ հետազոտությունների եւ արխիվի կենտրոն:
Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը հանդես է եկել նախագծի օգտին՝ նշելով, որ այն հայ համայնքին հնարավորություն կընձեռի իր մշակութային ժառանգությունը ներկայացնել հանրությանը: «Բնական կապ գոյություն ունի թանգարանի, որը պետք է նշանակալի կրթական նպատակ ունենա, եւ մեր հրաշալի քաղաքի ամենամեծ ու կարեւոր ուսումնական հաստատության միջեւ»,- ասել է նա:




























