Հայաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը կաթնամթերք արտադրողների հարցերը լուծելու հնարավորություն է փնտրում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ արտադրողների հանդիպումը, որի ընթացքում վերջինները մի շարք արդիական հարցեր են ներկայացրել՝ կապված պարտադիր վերահսկողական կնիքների հետ:
Մասնավորապես, լուծված չէ խանութից ժամկետանց ապրանքի վերադարձի հարցը. եթե ապրանքն արդեն հաշվառված է որպես վաճառված, ապա հարկավոր է հասկանալ, թե ինչպես է պետք հետ ընդունել այն: Նույնը վերաբերում է արտադրական խոտանին:
«Կառավարության ղեկավարի հետ հանդիպումից հետո հարկային ծառայությունը որոշում կկայացնի, իսկ ինչ անենք մինչ այդ՝ մեզ չասացի: Ուստի հաշվառումը նախկինի պես ենք կատարում, հետո պարզ կդառնա»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ կաթնամթերքով տարաների վրա կնիքները պարտադիր են դարձել հոկտեմբերի 1-ից (վերավաճառել մթերքն առանց կնիքի, որը գնել են մինչեւ հոկտեմբերի 1-ը, հնարավոր կլինի մինչեւ դեկտեմբերի 31-ը): Նպատակն է վերահսկել ապրանքը շուկայում՝ հարկային հաշվառման նպատակներով:




























