Նոյեմբերի 6-ին ավարտվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Միջոցառմանն իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԼՂՀ պատվիրակությունը, որն իրականացրել է լայնածավալ քարոզչություն՝ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական տուրիստական շուկայում: Բացի տեղեկատվական նյութեր տարածելուց, պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես, ինչպես նաեւ՝ ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ բազմապատկելով Արցախի տաղավարի այցելուների թիվը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե այս անգամ եւս ադրբեջանական կողմը զերծ չի մնացել իր համար ավանդական դարձած սադրանքներից: Ցուցահանդեսի աշխատանքների երկրորդ եւ  վերջին օրերին մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ դրոշներով շրջապատել էին Արցախի տաղավարը եւ փորձել խափանել պատվիրակության աշխատանքները՝ փակելով մուտքը դեպի ԼՂՀ տաղավար: Հատկանշական է, որ «ցուցարարների» մեջ կային նաեւ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ: ԼՂՀ եւ ՀՀ պատվիրակությունների ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել կասեցնել սադրանքը. կարճ ժամանակ հետո անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի կարգազանց երիտասարդներին:

Ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի, ով այս օրերին ղեկավարում էր Արցախի պատվիրակությունը Լոնդոնի ցուցահանդեսում՝ «վերջին շրջանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ադրբեջանցիների նման սանձազերծ պահվածքը պայմանավորված է գլխավորապես ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Ադրբեջանի կողմից նախաձեռնված հակահայկական բանաձեւի ձախողմամբ: Խոսքը վերաբերում է ս.թ. հոկտեմբերին Սամարղանդում կայացած նշյալ կառույցի գործադիր խորհրդի նիստում Ադրբեջանի կողմից նախաձեռնված «Օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզչությունը կանխելու մասին»  բանաձեւին: Նիստի ընթացքում Ադրբեջանի կողմից առաջարկված  վերոհիշյալ բանաձեւը չի ընդունվել ոչ մի երկրի կողմից: Իսկ ադրբեջանական ցույցերը նպատակ են հետապնդում ֆիզիկապես անհնար դարձնել ԼՂՀ մասնակցությունը միջազգային խոշոր ցուցահանդեսներին, սակայն ապարդյուն»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:

«World Travel Market»  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը համարվում է խոշորագույն տուրիստական իրադարձություն, որի ժամանակ հազարավոր ընկերություններ եւ աշխարհի գրեթե բոլոր երկրները ներկայացնում են զբոսաշրջության ոլորտում իրենց ներուժն ու ձեռքբերված հաջողությունները: