Հայաստանում կոնյակի առումով բավական հետաքրքիր իրավիճակ է. ազգային շուկայի համար ներմուծման ռեսուրսների մասնաբաժինը կտրուկ աճել է՝ հունվար-սեպտեմբերին կազմելով ավելի քան 55%: Հիշեցնենք, որ 2010 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը խորհրդանշական 3% էր:
Խնդիրը միայն այդ խմիչքի ներմուծման աճի մեջ չէ (54.500 լիտրով կամ 2.8 անգամ ավելի): Պարզապես հենց ռեսուրսների ծավալը, տեղական արտադրության «մեղքով», այդ ժամանակահատվածում զգալիորեն կրճատվել է. գրեթե 0.9 մլն լիտրով կամ 6.5 անգամ: Դրա արդյունքում ներմուծման տեսակարար կշիռն աճել է երկու գործոնների ազդեցությամբ՝ հենց ներմուծման աճի եւ կոնյակի ռեսուրդների ընդհանուր ծավալի կրճատման:
Կոնյակի տեղական արտադրության ծավալը չի կրճատվել, ընդհակառակը, 4.0 մլն լիտրով կամ 1.5 անգամ ավելացել է: Սակայն արագ տեմպերով աճել է այդ ըմպելիքի արտահանումը՝ 4.9 մլն լիտրով կամ գրեթե 1.7 անգամ: Այսինքն՝ արտադրողները տեղական շուկայի համար ավելի քիչ ապրանք են հատկացրել:
Պատճառն օբյեկտիվ է: Մեզ մոտ գնորդների շրջանում պահանջարկը չի աճում, այլօ կրճատվում է՝ կապված երկրում աղքատության մասշտաբների ընդլայնման հետ: Մանրածախ շուկայում կոնյակի գինը գրեթե 6 անգամ ավելի թանկ է «ժողովրդական» խմիչքից՝ օղուց: Այդ պատճառով այս երկու թունդ ալկոհոլային խմիչքների ռեսուրսների ծավալների միջեւ հարաբերակցությունը հսկայական է. գրեթե 17 անգամ՝ հօգուտ օղու: Եվ սա՝ առանց հաշվի առնելու «տնական» օղին: Իսկ մեր հասարակության հարուստ շերտերի բարեկեցության բարձրացումն ուժեղացրել է հեղինակավոր այս ըմպելիքի հանդեպ նրանց ուշադրությունը: Դրա հետ մեկտեղ, չի բացառվում կոնյակի ներմուծման աճի բացատրության այլ տարբերակների առկայությունը:
Օղու շուկայում նույնպես արդեն մեկուկես տասնամյակ հետաքրքիր տեղաշարժեր են նկատվում: Խմիչքի տեղական արտադրության մասնաբաժինը հետեւողականորեն կրճատվում է: Նույնիսկ վերջին մի քանի տարիներին այդ միտումն ավելի հստակ է արտահայտվում: Այսպես, 2010թ. հունվար-սեպտեմբերին օղու ընդհանուր ռեսուրսների ներմուծման մասնաբաժինը կազմել է 37%-ից քիչ ավելի: Միաժամանակ, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է գրեթե 53%-ի:
Այսինքն՝ Հայաստանում օղու ռեսուրսների ավելի քան կեսը ձեւավորվել է ներմուծման հաշվին: Հայտնի է, որ ներմուծված օղին սովորաբար անվանում են «ռուսական օղի», չնայած այս խմիչքի ներմուծման աշխարհագրությունը բավական լայն է:





























