«Առավոտ» թերթը գրում է. «Եթե ՌԴ նախագահ Պուտինի մասին ինչ-որ բան ես գրում եւ մոռանում ես դրան ավելացնել «Մեծն» մակդիրը ու չես նշում, որ նա իր «երկաթյա կամքով բարձրացրելէ Ռուսաստանը ծնկներից», «մարտահրավեր է նետել անբարոյական Արեւմուտքին» եւ այլն, անպայման հայտնվում է պուտինամոլների մի խումբ, որի անդամները հարձակվում են քեզ վրա՝ մեղադրելով քեզ «համաշխարհային իմպերիալիզմի» կամ ավելի վատ՝ Թուրքիայի գործակալ լինելու մեջ։ Եթե որեւէ քննադատական բան գրես Օբամայի կամ Քեմերոնի մասին, որոնք, բնականաբար, Պուտինից ոչ մի բանով լավը չեն, քեզ վրա ոչ ոք չի հարձակվի, տեսակետ է, գրել ես։ «Օբամամոլներ» կամ «քեմերոնամոլներ» աշխարհում չկան: Պուտինամոլներ՝ որքան ուզեք: Մեկ այլ առիթով անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգը նկատել էր, որ Արեւմուտքը մնում է Արեւմուտք, իսկ Արեւելքը՝ Արեւելք, եւ նրանք երբեք չեն հանդիպի իրար: Նույն տարբերությունը մեկ այլ օրինակով: Ինչո՞վ են տարբերվում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը՝ մի կողմից, «Ժառանգությունից», «Ազատ դեմոկրատներից» եւ ներկայիս ՀՀՇ-ից՝ մյուս կողմից: Մոտավորապես նույն բաներով: Առաջին դեպքում կա առաջնորդի անզուսպ պաշտամունք, երկրորդի դեպքում՝ չկա: Առաջին դեպքում իրենց կուսակցության կամ թիմի հասցեին ցանկացած քննադատական բառ ընկալվում է որպես «հակառակորդի պատվեր», որպես «ռեժիմի» կամ «ընդդիմության» անհիմն շահարկում: Երկրորդ դեպքում դա ընկալվում է պարզապես որպես տեսակետ, որի հետ կարելի է համաձայնել կամ վիճել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























