Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող՝ Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի գործն արդեն ուղարկվել է դատարան, այն քննվելու է Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Երեւան քաղաքի Ավան 7 փող. 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Երկու օր անց Զախարյանը նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:

Բացի դրանից, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ՊՄ եւ ԱՊՍ ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության / 9X18 ՊՄ/ 9մմ տրամաչափի 24 հատ փամփուշտ եւ դրանք պահել իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» 22 SO 111 համարանիշի ավտոմեքենայի պահախցիկում:

Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Երկրորդը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նա կալանավորված է:

Դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ:

Նշենք, որ կալանավորված Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է: