Վրաստանի ներկայիս իրավիճակը ճգնաժամային անվանելը չափազանցություն կլինի, քանի որ իրավիճակը իշխանությունների վերահսկողության տակ է, եւ արդեն պաշտպանության նոր նախարար է նշանակվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Նրա խոսքով՝ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի եւ վերջինիս կողմնակիցների հրաժարականին շատերը քաղաքական ենթատեքստ են հաղորդում: «Քաղաքական կողմը պայմանավորված է «Վրացական երազանք» կոալիցիայի անդամ-կուսակցությունների, մասնավորապես Իրակլի Ալասանիայի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջեւ անհամաձայնությամբ», - նշել է Էրիկ Ալոյանցը: Ինքը՝ Ղարիբաշվիլին, հայտարարում է, որ սա պայմանավորված է սոսկ պաշտպանության նախարարությունում հայտնաբերված կոռուպցիոն երեւույթներով:

«Խորհրդարանում «Վրացական երազանք» կոալիցիան կարծես թե մեծամասնություն չի կազմում, քանի որ այն լքել են «Ազատ դեմոկրատները», սակայն միեւնույն ժամանակ, անկախ պատգամավորների թվաքանակի եւ նրանց աջակցության շնորհիվ, դեռեւս պահպանում է այպես կոչված մեծամասնությունը: Սակայն որոշ կասկածներ կան, որ հանրապետականները՝ ի դեմս խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի, դուրս կգան կոալիցիայից: Եւ այդ ժամ, իրապես ճգնաժամ կառաջանա»,- ընդգծեց Ալիկ Էլոյանը: «Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ խորհրդարանում եւ նրա սահմաններից դուրս երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է: Եվ «Վրացական երազանքի» հետագա ճակատագիրը զգալի չափով կախված կլինի ընդդիմադիր ուժերի համագործակցությունից», - եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-5-ին իրենց պաշտոնները լքել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից մի շարք նախարարներ. իր հերթին կուսակցությունը լքել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիան: