Իտալիայում կրկին քննարկում են նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հնարավոր պաշտոնաթողությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նապոլիտանոյի հնարավոր պաշտոնաթողության մասին լուրերը քաղաքական շրջանակներում եւ լրատվամիջոցներում սկսեցին ակտիվորեն քննարկել մի քանի ամիս առաջ՝ կապված նախագահի տարիքի հետ: Հուլիսին պետության ղեկավարը հերքեց այդ լուրերը:

Ամեն դեպքում, վերջին օրերին այդ ենթադրությունները նոր թափ ստացան: Մասնավորապես, դրան նպաստեց La Repubblica ազդեցիկ պարբերականի շաբաթօրյա համարում հրապարակված «Ինչո՞ւ է Նապոլիտանոն տարեվերջին լքելու Քվիրինալի պալատը» վերնագրով հոդվածը: Դրա համաձայն, Եվրամիությունում Իտալիայի նախագահության ավարտին՝ 2014 թվականի վերջին, Նապոլիտանոն հեռանալու է նախագահի պաշտոնից:

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին, մեկնաբանելով նախագահի հնարավոր պաշտոնաթողության մասին հերթական լուրերը, ասել է, որ Նապոլիտանոն «երաշխավոր է ամբողջ երկրի համար» եւ «շատ կարեւոր ուղենիշ»:

Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ Նապոլիտանոն նախագահության երկրորդ ժամկետով վերընտրվեց 2013 թվականի ապրիլի 20-ին եւ անմիջապես հասկացրեց, որ չի բացառում երկրի ղեկավարի պաշտոնից ժամկետից շուտ հեռանալու հնարավորությունը: