Ռուսաստանն ու Չինաստանը նոյեմբերի 9-ին Հուշագիր կստորագրեն՝ «արեւմտյան» երթուղով Ռուսաստանից Չինաստան բնական գազի մատակարարման ոլորտում համագործակցության մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:
«Այսօր մենք համապատասխան հուշագիր ենք ստորագրելու արեւմտյան միջանցքով գազի մատակարարման պայմանների մասին: Մեր ընկերությունները՝ CNPC-ն եւ «Գազպրոմ»-ը, հարցն ավելի մանրամասն են մշակում, իսկ նախարարությունների միջեւ փաստաթուղթն այսօր կստորագրենք»,- ասել է Նովակը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին այցելել էր Չինաստան՝ մասնակցելու Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովին, որի հիմնական միջոցառումները նախանշված են նոյեմբերի 10-ին: Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու են ԱԽՏՀ 21 երկրներն ու եւս 16 պետություններ ներկայացնող շուրջ 1.000 ընկերություններ:



























