Ռուսական «Ձյունե թագուհի 2. Ցրտահարում» մուլտֆիլմը կարող է ներկայացվել «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հաղորդում է «Russian Today»-ը՝ վկայակոչելով «Russian Cinema»-ի մամուլի ծառայությանը:
«Լիամետրաժ «Ձյունե թագուհի 2. Ցրտահարում» մուլտֆիլմի ստեղծողները՝ «Bazelevs Distribution» ընկերությունն ու «Wizart Animation» ստուդիան, «Ոսկե գլոբուսի» պատմության ընթացքում առաջին անգամ հայտ են ներկայացրել կինոյի եւ հեռուստատեսային մրցանակաբաշխությանը՝ իրենց նոր մուլտֆիլմը ներկայացնելու համար»,- նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կինոյի հիմնադրամի տնօրեն Անտոն Մալիշեւը ենթադրում է, որ հայրենական մուլտֆիլմի ներկայացումը կարող է մեծացնել հետաքրքրությունը ոչ միայն դրա, այլ առհասարակ ռուսական անիմացիայի նկատմամբ: Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան միավորումը անվանակարգերի թեկնածուների անունները կներկայացնի 2014թ. դեկտեմբերի 11-ին:



























