«Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածները իրենց պատժաչափի վերաբերյալ բողոք կներկայացնեն Վերաքննիչ դատարան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Շահեն եւ Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի մասով Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի ամենայն հավանականությամբ ուրբաթ օրը: Նա նշեց, որ մնացած դատապարտյալները եւս կբողոքարկեն իրենց դատավճիռը:
Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանում հաջողություն չունենալու դեպքում կդիմեն Վճռաբեկ դատարան, այնուհետեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մինչ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելը փաստաբանը հանդիպելու է Շանթ Հարությունյանի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին հոկտեմբերի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Դատարանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին նույն հոդվածով մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Դահլիճը այս նորությանը արձագանքեց դժգոհության բացականչություններով, կանանցից ոմանք սկսեցին արտասվել։




























