Եթե 2012-ին Վրաստանում դատապարտյալների եւ ձերբակալվածների ընդհանուր թիվը 27 հազար էր, ապա այժմ այն չի գերազանցում 7 հազարը: Այս մասին, Թբիլիսիում Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիին:

Կողմերը խոսել են դատաիրավական բարեփոխումներից: ՀՀ արդարադատության նախարարն անդրադարձել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դատաիրավական հատվածին: Վրաստանի գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունը բարձրացրել է ապացույցների ստանդարտների նշաձողը եւ արդեն իսկ նկատելի են դրական արդյունքներ:  Մասնավորապես՝  գլխավոր դատախազը ներկայացրել է, որ եթե 2012-ին դատապարտյալների եւ ձերբակալվածների ընդհանուր թիվը 27 հազար էր, ապա այժմ այն չի գերազանցում 7 հազարը:  Նա նշել է, որ դա պայմանավորված է քրեական օրենսդրության առավել ազատականացմամբ, ինչը հնարավորություն է տալիս բացառել դեպքերի կրկնությունները:

Հովհաննես Մանուկյանը հետաքրքրվել է  Վրաստանի գլխավոր դատախազության՝ արդարադատության  նախարարության  պատկանելիության  կարգավիճակով: Գեորգի Բադաշվիլիին տեղեկացրել է, որ արդարադատության նախարարությունն իրականացնում է գլխավոր դատախազության միայն կազմակերպա-ֆինանսական հարցերը: 

Վրաստանի գլխավոր դատախազը նախարարի ուշադրությունն է հրավիրել երկու երկրների միջեւ ձեւավորված աշխատանքային առողջ եւ արդյունավետ համակգործակցությանը՝ շեշտելով, որ մեր երկրների միջեւ հանցավորության դեմ պայքարի հարցում   չկան չլուծված խնդիրներ եւ, որպես կանոն, իրավական հարցերը լուծվում են անհապաղ, առանց  անհարկի ձգձգումների:

ՀՀ արդարադատության նախարարը շեշտել է, որ երկու երկիրն էլ իրավական ինֆորմացիայի փոխանակման հարցում դեռեւս անելիքներ ունեն, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ վրիպումները կարող են անցանկալի հետեւանքներ ունենալ՝ հարեւանի խնդիրը վերածվելով  սեփականի: 

Վրաստանի գլխավոր դատախազը կարեւորել է, որ մեր երկրների քաղաքացիների կատարած հանցագործությունների պարագայում թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը արդյունավետ համագործակցում են իրավական փոխօգնության ոլորտում:

Կողմերն անդրադարձել են նաեւ պատժի կատարման օրինականության նկատմամբ  դատախազական   հսկողությանը: Վրացական կողմը նշել է, որ շուրջ 6 տարի  դատախազությունը  պատժի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն չի իրականացնում եւ  դատավճռի հրապարակման պահից դատախազի գործառույթներն ավարտվում են:

Անդրադառնալով համակարգի բազմամյա աշխատակիցների վերապատրաստմանը՝ գլխավոր դատախազը շեշտել է, որ հատուկ  ուղեցույցներ են մշակվել քննչական մարմինների  բազմափորձ ծառայողների համար: 

Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Գլխավոր դատախազի հետ առաջին հանդիպումը ունենալու է իր  շարունակությունը ՝   եւս մեկ անգամ կարեւորելով համագործակցությունն ու փորձի փոխանակման  արդյունավետությունը:

ՀՀ արդարադատության նախարարի հաջորդ հանդիպումը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիյայի հետ էր:   Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տեղական իշխանությունների հետ Վրաստանի հայ համայնքի համագործակցությանը եւ  տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման օրենսդրական կարգավորումներին: