Կառավարության կառուցվածքային փոփոխությունների համար բյուջեով լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ներկայացնելով փոփոխությունների անհրաժեշտությունը:
«Մենք նպատակ ունենք միավորել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաեւ ձեւավորել միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Շեշտեմ, որ սրանցից բյուջեով լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, եղած ռեսուրսներով մենք բավարարվելու ենք»,- ասաց Մանուկյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, սակայն, զարմացավ, թե ինչպես կարող է բյուջեից ծախսեր չնախատեսվել, ինչին Հովհաննես Մանուկյանը նորից նույն պատասխանը տվեց:
«Այդ դեպքում ի՞նչ ծառայություններ է առաջարկելու այս նախարարությունը, որի էլ ավելի արդյունավետությունը մենք զգալու ենք»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Արդարադատության նախարարի խոսքով՝ ծառայությունների մասին դեռ խոսք չկա:
«Ինչ վերաբերվում է նոր նախարարությանը, ապա էկոնոմիկայի նախարարությունը, իհարկե, անում էր որոշ գործատռույթներ, սակայն Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը ոչ միայն համագործակցելու է ԵՏՄ-ի հետ, այլեւ ԵՄ-ի»,- նշեց նախարարը:




























