Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ խորհրդարանական եռյակը չի պառակտվի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, խորհրդարանական եռյակի («Ժառանգություն», ԲՀԿ եւ Հայ ազգային կոնգրես) ներկայացուցիչների նիստից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: նրա խոսքով լիովին բնական է, որ քաղաքական եռյակից յուրաքանչյուրն այս կամ այն հարցի շուրջ ունի իր դիրքորոշումը՝ լինի դա հանրահավաքների անցկացում, թե կազմակերպչական հարցեր: Սակայն Մարգարյանը հավաստիացրեց, որ խորհրդարանական եռյակում տարաձայնություններ չկան եւ նրանց համատեղ գործունեությունը կշարունակվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշել է, որ ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար։
Նկատի ունենալով նշված հանգամանքները՝ Հայ ազգային կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»: ՀԱԿ-ի հայտարարությունը հետեւել է ԲՀԿ-ի Քաղաքական խորհրդի նիստին, որտեղ նոր հանրահավաք անցկացնելու մասին որեւէ որոշում չի կայացվել:




























