«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Հայ Ազգային կոնգրես»-ի միջեւ հակասություն չկա, կա մտահոգություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երկու քաղաքական ուժերի միջեւ հակասություն կա:

«Բոլորիս մտահոգությւոնն այն է, որ երեք տարվա գործընթացով ձեւավորված համաժողովրդական շարժումը հաջողի: Այստեղ լուծվում է ժողովրդի հարցը, ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի հարց չկա այստեղ: Բնական է, որ բոլորն էլ սրտացավ են շարժման համար եւ պետք է ամեն ինչ անենք, որ շարժումը հասցնենք հաղթանակի: Սա բնական է, կարող են լինել նաեւ բնական մեթոդոլոգիական տարբերություններ: Որեւէ հակասություն գոյություն չունի, բայց որ տարբերություններ կարող են լինել մեթոդոլոգիայի մեջ, բնական է: Առավել եւս այս մտահոգությունները խորանում են, երբ մենք տեսնում ենք, թե ինչ գործ ենք հաջողել, ինչ մեծ հույս ենք արթնացրել, ինչ լուրջ ալիք է բարձրացրել, եւ բնական է, որ ոչ ոք չի ցանկանում հանկարծակի ինչ-որ սխալ որոշումների պատճառով այս շարժումը ձախողի կամ տապալի»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կարծես հետ է կանգնում սկսած գործընթացից, Զուրաբյանն արձագանքեց. «Ո՞վ ասաց, որ հետ է կանգնում: Մենք ընդամենը ներկայացնում ենք արդյունավետ պայքարի վերաբերյալ մեր մոտեցումները: Ուրիշ բան չենք անում, ոչ մեկին ոչ մեղադրում ենք, ոչ մուննաթ ենք գալիս, նման բան գոյություն չունի, մենք ներկայացնում ենք մեր տեսակետները ու ցանկանում ենք, որ մեր տեսակետը հաղթի: Վերջին հաշվով, ամեն ինչ որոշվում է եռյակի քննարկումներով, եռյակի նիստերում, այնպես որ, բոլոր տարբերությունները հաղթահարելի են, ոչ մի խնդիր չկա, առավել եւս, երբ մեր հետեւում կանգնած է ժողովուրդը, որը մեզ հավատում է»:

Լեւոն Զուարբյանն ընդգծեց, որ իրենք ԲՀԿ-ի հետ ունեն գործընկերային հարաբերություններ, իսկ առկա տարբերությունները դաշնակցային հարաբերություններում սովորական են: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հիշեց Ստալինի եւ Չերչիլի միջեւ եղած տարաձայնությունները:

Այս դեպքում թե երբ եռյակի հաջորդ հանրահավաքը, Զուրաբյանը նշեց, որ ինքը չի կարող կռահել, սակայն մի բան հստակ է. իրենք պնդելու են իրենց մոտեցումը: