Հանրահավաքները կարեւոր են, սակայն ոչ ոք նախապես ոչինչ չի կարող ասել դրանց անցկացման ժամկետների մասին, հետեւաբար նոյեմբերի 14-ին հանրահավաք տեղի չի ունենա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, խորհրդարանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») նիստից հետո լրագրողներին հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

NEWS.am-ի թղթակից հարցին՝ չեն վախենո՞ւմ, որ հանրահավաքների անցկացման դադար վերցնելով կարող են հիասթափեցնել իրենց կողմնակիցներին, Մարգարյանը պատասխանեց. «Ըստ էության, մեր գործունեության մեջ դադար չկա: Մենք չենք խոստացել, որ երեք հանրահավաք ենք անցկացնելու, մենք պարզապես իրազեկել ենք քաղաքապետարանին հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, որպեսզի երբ նման անհրաժեշտություն ծագի, տեխնիկական խոչընդոտներ չլինեն:

Համաժողովրդական շարժումը ոչ միայն հանրահավաքների անցկացումն է, մենք դադար չենք վերցրել այն պահին, երբ շարժումն անկում է ապրում: Մենք դադար ենք վերցրել մաժորային նոտայի վրա, որպեսզի ընդլայնենք նրա մասշտաբները: Մենք բացարձակապես անհանգստություն չունենք, որ դա կարող է հանգեցնել մեր կողմնակիցների շարքերում հիասթափության: Նման բան հնարավոր չէ»:

Հարցին, թե երբ է լինելու համաժողովրդական շարժման ֆորտեն, Մարգարյանը վստահեցրեց. «Երկար սպասելու կարիք չի լինի»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին եւ նոյեմբերի 14-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ կազմակերպելու մասին, սակայն եռյակը այդպես էլ հանրահավաքներ չի կազմակերպել: