Հայտնի են դարձել այսօր՝ նոյեմբերի 10-ին, Շիրակի մազրում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով Գյումրու բժշկական հիվանդանոց տեղափոխված անձանց անունները՝ Հակոբյան Սամվել (ծնվ. 1997 թ.), Սիմոնյան Էդմոն (ծնվ. 2001 թ.), Բաղդասարյան Կարեն (ծնվ. 1975 թ.), Չախոյան Հովհաննես(ծնվ. 1997 թ.), Հովհաննիսյան Զարուհի (ծնվ. 1978թ.), Հովհաննիսյան Հասմիկ (ծնվ. 1978 թ.), Շահնազարյան Ալբերտ (ծնվ.1992 թ.)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու բժշկական կենտրոնից։

Վիրավորների վիճակը բավարար է, շարունակում է ծանր մնալ միայն 14-ամյա Էդմոն Սիմոնյանի վիճակը։

Նշենք, որ տեղում մահացած՝ «Գազելի» 7 ուղեւորների ինքնությունն առայժմ հայտնի չէ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։