Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով ձերբակալված՝ բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից է:
Կոտայքի մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Մանվել Վարդանյանը Հրազդանի պատկերասրահի նախկին տնօրենն էր, ամուսնացած է, ունի 3 երեխա:
Մանվել Վարդանյանի ծանոթներն էլ մեզ հետ զրույցում նշել են, որ 44-ամյա Մանվել Վարդանյանը երկար տարիների վարորդական փորձ ունի:
«Ուղղակի ապշած ենք, շատ վատ բան ա եղել, ողբերգություն, բայց, հավատացեք՝ Մանվելն էնքան հավասարակշռված, լուրջ, խելացի մարդ ա, որ դժվարությամբ ենք հավատում, որ կարող էր ուրիշների մահվան պատճառ դառնար»,- պատմել են նրան ճանաչողները:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:




























