Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) հերթական նիստին, որի ընթացքում, օրակարգի համաձայն, դիտարկվել են 20-ից ավելի հարցեր:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հավանությանն են արժանացել ԱՊՀ ՊՆԽ աշխատանքային մարմինների ընթացիկ տարվա գործունեության արդյունքները, հաստատվել է ԱՊՀ ՊՆԽ 2015թ. աշխատանքային պլանը: Նիստի ընթացքում ընդունվել են հստակ որոշումներ` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ բազմակողմ համատեղ գործունեության հետագա ակտիվացման ուղղությամբ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի եւ Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի հետ:
Երկկողմ հանդիպումների ընթացքում պաշտպանական քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ռուսական եւ հայ-ղազախական համագործակցության ընթացիկ խնդիրները, կարծիքներ են փոխանակվել ռազմական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հաստատել են նաեւ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2015թ. ծրագիրը:



























