Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների անդամների համար կազմակերպված հեռուստակամուրջը, որն անցկացվում էր նոյեմբերի 10-14-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր տեսաուղերձում ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահներին:
Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը կարեւորեց հայ խաղաղապահների մասնակցությունը եւ ներդրումը միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման գործում եւ շնորհակալություն հայտնեց հայ խաղաղապահներին եւ նրանց ընտանիքների անդամներին:
Իրենց ողջույններն ու բարեմաղթանքները հղեցին նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան, Քեթրին Լիչը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը եւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ եւ խաղաղապահ բրիգադի ներկայացուցիչները:




























