Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մեջ հանցակազմ կա: Այս մասին նոյեմբերի 12-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ Խաչատրյանը նշանակվել է առանց նախարարների քվեարկության:
Որպես ապացույց՝ նա ներկայացրել է կառավարության սեպտեմբերի 25-ի նիստից մի դրվագ, որտեղ մարզպետի պաշտոնում առաջարկվում էր Խաչատրյանի թեկնածությունը: «Ինչպես տեսնում եք, այստեղ ոչ մի քվեարկության մասին խոսք չկա: Հնչեցրել են որոշումը եւ Խաչատրյանին մարզպետ հռչակել», - ընդգծել է Փաշինյանը: Նա հավելել է, որ նման գործողությունները ընկնում են ՀՀ Քրեական օրենսգրքի 322 հոդվածի տակ (կամայականություն) եւ քրեական հանցագործության տարր են պարունակում:
Ի պատասխան կառավարության աշխատակազմի ղեկավարր-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ հանցագործության նման ընդարձակ մեկնաբանությունից մինչեւ պետական ահաբեկչություն մեկ քայլ է: «Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որ Ձեզ իրավունք չեն տվել աշխատել իրավապահ մարմիններում», - հավելել է նա: «Ցանկացած որոշում հնչեցնելով՝ վարչապետը ընդմիջում է կատարում, որպեսզի հնարավորություն տա արտահայտվել բոլորին, այդ թվում նաեւ նրանց, ովքեր դեմ են: Այդ դադարը միշտ պահպանվում է, եւ այդպես են ընդունվում կառավարության բոլոր որոշումները՝ սկսած 1990թ.-ից», - ասել է Դավիթ Հարությունյանը:





























