«Երկրապահ կամավորների միությունը» զգուշացնում է Ադրբեջանին, որ անվերջ եւ անսպառ չէ իրենց համբերությունը, ինչպես նաեւ խնդրում է ԼՂՀ եւ ՀՀ նախագահներին վստահել իրենց կարողություններին եւ համարձակորեն տալ ռազմական առաջադրանք, հենց որ դրա համար ճիշտ պահը կլինի: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԿՄ-ն՝ անդրադառնալով այսօր՝ նոյեմբերի 12-ին, ուսումնավարժական թռիչք կատարելու ընթացքում ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի դեպքին:

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի`Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ: Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ եւ Արցախի նախագահներին եւ պաշտպանության նախարարներին` միաժամանակ համոզված եմ, որ մեր հերոս տղաների հոգիները պատվավոր տեղ են գտնելու դրախտում, իսկ նրանց օրինակով դաստիարակվելու են սերունդներ:

ԵԿՄ-ն նաեւ զգուշացնում է Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, որ անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը: Հավատացած եղեք, որ եթե մեզ փորձեք պատերազմ պարտադրել, եթե ձգտեք նմանօրինակ սադրանքներ հրահրել, խստորեն պատժվելու եք, դարձյալ, ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում:

Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականները, Արցախյան պատերազմի վետերանները պատրաստակամ են անհրաժեշտ պահին, զենքը ձեռքին, կանգնել սահմանային առաջնագծում` երաշխավորելու համար Հայաստանի եւ հայկական Արցախ պետության բնակիչների անդորրը: Խնդրում եմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին եւ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին վստահել մեր կարողություններին եւ համարձակորեն տալ ռազմական առաջադրանք հենց որ դրա համար ճիշտ պահը կլինի:

Երկրապահը միշտ եղել է եւ այսօր էլ պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում»,- ասվում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կոչում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: