Տվյալ պահին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը դեռեւս չի ուղարկվել Ազգային Ժողովի վավերացմանը, եւ դեռ պարզ չէ՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովներից որը կլինի գլխադասային: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցի ընթացքում, հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Այդուհանդերձ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում երեք գերատեսչություններ՝ էկոնոմիկայի, ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարությունների փոխնախարարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է կայացել: Բնականաբար, Սահմանադրական դատարանի որոշումը շատ կարեւոր է, եւ արդեն դրանից հետո տվյալ հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն: Եւ արդեն լիագումար նիստին մենք կքննարկենք պայմանագրի վավերացումը», - նշեց Արտակ Զաքարյանը:
Պատգամավորը հավելեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը ըստ էության եւ բովանդակության կարեւոր փաստաթուղթ է:
«Տնտեսական տեսանկյունից դա հիմնարար փաստաթուղթ է, ես ծանոթ եմ բոլոր համաձայնություններին եւ միջազգային պայմանավորվածություններին: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը միասնական տնտեսական տարածքում իր գործընկերների հետ փոխշահավետ տնտեսական կապերի զարգացման համար լուրջ պոտենցիալ կարող է ունենալ», - ընդգծել է Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, սահմանադրական է ճանաչել Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության մասին պայմանագիրը:




























