Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսագրություն քրեական գործում առկա չէ: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տարածքում արագաչափեր չեն եղել եւ վթարը չի ֆիքսվել:

«Վթարի պատկերով տեսագրություն մենք չունենք, արագաչափերի մասին նույնպես քրեական գործում ոչինչ չկա»,- ասաց նա:

Րաֆֆի Ասլանյանի խոսքով՝ նշանակված հետազոտությունների պատասխանները կստացվեն միայն մեկ-երկու ամիս անց:

Նշենք, որ գործով կալանավորվել է բեռնատարի վարորդը՝ 44-ամյա Մանվել Վարդանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։