Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բանագնացի միջոցով վերջերս խնդրել է Վանո Սիրադեղյանին՝ միջամտել ՀՀՇ-ի ներսում կատարվող իրադարձություններին։ Այս մասին հուլիսի 2-ի իր համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանը Սիրադեղյանին խնդրել է ազդել Արարատ Զուրաբյանի վրա, որպեսզի վերջինս հպատակվի իրեն։ Վանո Սիրադեղյանը չի մերժել առաջնորդին ու օրերս նամակ է հղել Արարատ Զուրաբյանին, որտեղ հորդորել է ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու չքանդել ՀՀՇ-ն։
Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանը վերջերս հրաժարական է տվել ՀՀՇ նախագահի պաշտոնից, իսկ մինչ այդ հրաժարական էր տվել նաեւ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ NEWS.am-ին տված հարցազրույցում Արարատ Զուրաբյանը ասել էր, որ իր հրաժարականի պատճառը կապված չէ այն մեղադրանքների հետ, ըստ որոնց ինքն ու Քոքոբելյանը համագործակցում են իշխանությունների հետ։ «ՀՀՇ-ն համագործակցել ու այսուհետ եւս համագործակցելու է Հայ Ազգային Կոնգրեսի հետ»,-ասել էր Զուրաբյանը։
Նշենք, որ հուլիսի 17-ին տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը։ Արարատ Զուրաբյանը չի բացառում, որ համագումարի ընթացքում ինքը կարող է կրկին առաջադրվել որպես ՀՀՇ վարչության նախագահի թեկնածու։ Հավելենք, որ որպես ՀՀՇ նոր ղեկավարի թեկնածուներ շրջանառվում են Վահան Փափազյանի, Երջանիկ Աբգարյանի, Բաբկեն Արաքցյանի եւ մի քանի այլ ՀՀՇ-ականների անունները։
Վանո Սիրադեղյանը ՀՀՇ լիդերներից է եղել, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել ինտերպոլի միջոցով։




























