Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը  դարձել է  փոխպատրիարք:

Ինչպես հայտնում է Արետ Չիչեքեքերը,  Ստամբուլի նահանգապետի 2010 թ. հունիսի 29-ի գրության հիման վրա, Պոլսո հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել Հոգեւոր խորհրդի նիստ, որի ընթացքում 26 հոգուց 25-ը իրենց ձայնը տվել են արք. Արամ Աթեշյանին որպես փոխպատրիարք։  Արք. Արամ Աթեշյանը, պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք կտնօրինի հայ համայնքի կրոնական գործերը։

Մոտ 6 ամիս առաջ Ստամբուլի նահանգապետի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարին ուղղված Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի եւ նախաձեռնող խորհրդի դիմումները քննարկվել են թուրքական կառավարության կողմից, եւ հայոց պատրիարքարան է ուղարկվել համապատասխան գրություն։  

Պոլսո հայոց պատրիարքարան ուղարկված գրության մեջ նշվել է. «Անհրաժեշտ է, որ ներկայիս Մեսրոպ 2-րդ պատրիարքը ցմահ մնա պատրիարքական աթոռին, քանի որ մեկ անձ կարող է կրել պատրիարքի տիտղոսը։ Նոր պատրիարք կամ համապատրիարք ընտրելու փոխարեն ավելի հարմար է ընտրել փոխպատրիարք»,-նշվել է գրության մեջ։

Հայ եկեղեցու կրոնական աստիճանակարգում չկա փոխպատրիարք հասկացություն։ Ըստ եկեղեցական կանոնադրության, եթե պատրիարքը մահացել է կամ թողել է պարտականությունների կատարումը, ընտրվում է տեղապահ։ Բայց քանի որ, պատրիարք Մութաֆյանը կենդանի է, ավելի հարմար տարբերակ է եղել ընտրել փոխպատրիարք, որի պարտականությունները հավասարազոր են տեղապահի պարտականությանը։

Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում իրականացնել իր պարտականությունները։  Սակայն, ըստ կանոնադրության,  Պոլսո պատրիարքը ընտրվում է ցմահ։ Այս պայմաններում, Պոլսո հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհուրդը դիմել էր թուրքական իշխանություններին՝ համապատրիարք ընտրելու թույլտվության խնդրանքով։ Իր հերթին, պատրիարքարանի նախաձեռնող խումբը եւս դիմել էր, սակայն նոր պատրիարք ընտրելու խնդրանքով։  Այս ամենը Ստամբուլի հայ համայնքում հանգեցրել էր լուրջ տարաձայնությունների։