Հայկական ուղղաթիռը, ինչպես հասկանում եմ մամուլից, մի քիչ մոտ է գնացել սահմանին, դիմացինն էլ կամ վախեցել է, կամ առիթից օգտվելով՝ ոչնչացրել այն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը:

Նա նախ ցավակցություն հայտնեց ուղղաթիռի զոհված անձնակազմի հարազատներին: «Ողբերգական դեպք էր, ինչքան կարողանում եմ հասկանալ մամուլից, իրենք մի քիչ մոտ են գնացել սահմանին, դիմացինն էլ կամ վախեցել է, կամ առիթից օգտվել է, փաստորեն ոչնչացրել է ուղղաթիռը: Ցավալին այն է որ թույլ չեն տալիս մոտենալ, դա արդեն վայրենություն է», -ասաց նա:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն են միշտ հանդիպում, խոսում, այնպես էլ նախարարությունների մակարդակով պետք է այդ դեպքերում կոնտակտների մեջ լինել, քանի որ 2 տարբերակ կա՝ կամ կոնտակտների մեջ պետք է լինեն, կամ իրար խփել մինչեւ վերջ, բայց մինչեւ իրար խփելը պետք է փորել առաջին տարբերակը: ՊՆ նախկին նախարարն ասաց, որ դեպքը ցավալի է, շարունակությունն էլ՝ շատ վրդովեցուցիչ, երբ թույլ չեն տալիս մոտենալ եւ վերցնել այդ դիակները:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ դիմացինի արածը չի կարող բացատրել, ուղղակի անհեթեթություն է, վստահություն չներշնչող ապագայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: