Այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանի անհեռատես եւ ագրեսիվ քաղաքականության արդյունքն է՝ իր գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական, Գլխավոր ռազմական տեսուչ, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դա կապված է Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ, որից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ կխոցի Ստեփանակերտի օդանավակայանից թռչող բոլոր օդանավերը:
«Բոլորին հայտնի է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը եւ Հայաստանի Զինված ուժերը անցկացնում էին միասնական օպերատիվ տակտիկական զորավարժություններ: ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմական ուղղաթիռները մասնակցել են թռիչքներին եւ դրանք եղել են ուսումնավարժական: Երկու ուղղաթիռներն էլ զինված չէին եւ որեւէ կերպ վտանգ չէին ներկայացնում: Բոլոր զինվորականներին էլ հայտնի է, որ ժամանակակից ուղղաթիռների ռազմական հնարավորությունները թույլ են տալիս հարվածներ հասցնել՝ դուրս չգալով հակաօդային պաշտպանության միջին հեռահարության միջոցների խոցման գոտի:
Այդ մասին շատ լավ գիտեին նաեւ Ադրբեջանի ռազմական իշխանությունները: Նորից եմ կրկնում, որ այդ ուղղաթիռները որեւէ վտանգ չէին ներկայացնում շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների համար»,-հայտարարեց Հարությունյանը:
«Ես վստահ եմ, որ ուղղաթիռը ոչնչացնելու գործողությունը նախապես էր պլանավորվել: Դա ապացուցվում է նաեւ նրանով, որ նախապես պատրաստ էին նաեւ տեսախցիկները, որոնք նկարել են ուղղաթիռի խոցումը: Դա տեղի է ունեցել կեսօրից հետո, երբ արեւը ընկնում է այն մարդկանց աչքերին, որոնք գտնվում են ադրբեջանական դիրքերում, բայց դա այդ կադրերում տեսանելի չէ: Դա նշանակում է, որ այդ տեսախցիկները եղել են բարձր որակի՝ պաշտպանիչ միջոցներով: Բացի այդ պատրաստ են եղել նաեւ ՀՕՊ միջին հեռավորության միջոցները՝ ուղղաթիռը խոցելու համար:
Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ անդամ երկրները պետք է համարժեք գնահատական տան տեղի ունեցածին, խստորեն դատապարտեն շփման գծում լարվածություն ստեղծելու Ադրբեջանի անհեռատես քաղաքականությունը»,-ընդգծեց Գլխավոր ռազմական տեսուչը:
Նա վստահություն հայտնեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը եւ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան կտան Ադրբեջանի իշխանությունների արկածախնդիր գործողություններին:
Ինչ վերաբերում է ուղղաթիռին, Հարությունյանը նշեց, որ այն գտնվում է չեզոք գոտում, որին այս պահի դրությամբ հնարավոր չէ մոտենալ, եթե մոտենան, կլինեն զոհեր երկու կողմերից:
«Կարծում եմ, որ Կարմիր Խաչի ու ԵԱՀԿ-ի միջոցով պետք է լուծվի այդ հարցը եւ դիակները բերեն ու հողին հանձնեն հայրենիքում»,-ասաց նա:




























