Մինչեւ նոյեմբերի վերջ Եվրամիությունը չճանաչված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի եւս 10 ներկայացուցիչների անուններ կներառի պատժամիջոցների ցանկում: Նման որոշում է կայացվել նոյեմբերի 17-ին Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդի նիստում, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ԵՄ կառույցներում իր աղբյուրները:

Թերթի փոխանցմամբ՝Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացման հարցում նախարարները չեն պնդել, բայց «դրա մասին կարող է խոսք լինել դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողովում, եթե Մոսկվայի կողմից աջակցություն ստացող անջատողականները անցնեն կարմիր գիծը՝ ռազմական գործողությունները տեղափոխելով ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի սահմաններից դուրս»,-ասված է հաղորդագրության մեջ: Միաժամանակ ԵՄ-ում սկսել են Ռուսաստանի հետ հարաբերություններում բացասական միտումները կոտրելու միջոցներ որոնել:

«Բրյուսելում տեղի ունեցած նիստի մի շարք մասնակիցներ հիասթափված էին, որ տնտեսական պատժամիջոցները չեն ուժեղացվելու: Ավելին, Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինի խոսքով, քննարկումը ցույց տվեց, որ ԵՄ երկրների միջեւ չկա միասնություն Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ»,-գրում է թերթը:

«Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի լարման դեպքում այդ գործիքը (տնտեսական ճնշումը Մոսկվայի նկատմամբ-խմբ) կրկին կարող է գործարկվել»,-ասել է թերթի աղբյուրը:
Մեկ այլ աղբյուր պարզաբանել է, որ Բրյուսելի համար կարմիր գիծը անջատողականների կողմից նոր տարածքներ գրավելն է:

Միաժամանակ, ԵՄ-ում սկսել են Ուկրաինայի շուրջ լարվածության մեղմացման եւ Մոսկվայի հետ հարաբերություններում բացասական միտումները փոփոխելու ուիղներ որոնել: Մասնավորապես, եվրոպացի քաղաքական գործիչները քննարկում են ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ ուղիղ շփումներ հաստատելու հնարավորությունը: «Եթե այդ երկու միությունների միջեւ այն ժամանակ արդյունավետ ինստիտուցիոնալ երկխոսություն լիներ, շատ խնդիրներից եւ հակասություններից կարելի կլիներ խուսափել»,-ասել է թերթի զրուցակիցը: