«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նոր տեսանյութ են հրապարակել, որտեղ երկու գերիներ՝ ֆրանսիացի Սերժ Լազարեւիչը եւ հոլանդացի Սժաակ Ռիյկեն, դիմում են իրենց երկրների կառավարություններին՝ խնդրելով ազատել իրենց, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Երկուսն էլ առեւանգվել են Մալիում դեռեւս 2011-ին: Ֆրանսիացին հայտնել է, որ ինքը հիվանդ է, իսկ հոլանդացին ասել է, որ ձայնագրությունը տեղի է ունենում այս տարվա սեպտեմբերի 26-ին:
Ֆրանսուա Օլանդի աշխատակազմը արդեն հաստատել է տեսանյութի իրական լինելը եւ հայտնել, որ Ֆրանսիայի նախագահը «կօգտագործի բոլոր հնարավորությունները», որպեսզի ազատի իր հայրենակցին:
Պարբերականը հիշեցնում է, որ սեպտեմբերին Ալժիրում առեւանգվել է ֆրանսիացի Էրվե Գուրդելը, որից մի քանի օր անց համացանցում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ նա դիմում է Ֆրանսիայի նախագահին եւ հայտնում, որ իրեն առեւանգել են գրոհայինները: Ավելի ուշ նրան գլխատել էին:




























