Արդարադատության նախարարությունը դեռ չի որոշել՝ ինչպես վարվել Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի հետ: NEWS.am-ի թղթակցին նախարարությունից հայտնեցին, որ փաստաթղթերն առայժմ ուսումնասիրության փուլում են: Թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները, ինչ ժամկետ է նախատեսված դրա համար, չնշեցին: Հետաքրքրվեցինք նաեւ ընթացակարգից, մասնավորապես, թե նման դեպքում ինչ է անում ՀՀ-ն, սակայն ԱՆ-ից այդ մասին եւս ոչինչ չհայտնեցին:

Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից  Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման,  ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի  վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթը նոյեմբերի 2-3-ին ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝համապատասխան ընթացքը լուծելու համար: