ՀՔԾ-ում քննվող Շենգավիթի քննիչների դեմ հարուցված գործը կարճվել է: NEWS.am-ի թղթակցին ՀՔԾ մամուլի ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանը հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է  ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի եւ նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել  է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի  քննիչի,  ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Հարուցված քրեական գործերն ուղարկվել են ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար: