Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ կոնգրեսի մասնակիցներին:
Ուղերձում ասվում է.
«Թատրոնի միջազգային ինստիտուտի կոնգրեսի կազմակերպումը Երեւանում նշանակալի իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում, եւ ես ջերմորեն ողջունում եմ կոնգրեսի բոլոր մասնակիցներին:
Վստահ եմ, որ տասնյակ տարիների գործունեությամբ ինստիտուտը եղել է մշակութային կամուրջ տարբեր ազգերի ու երկրների միջեւ՝ նպաստելով ժողովուրդների հոգեւոր մերձեցմանը եւ փոխադարձ ճանաչմանը: Ուրախ եմ, որ Հայաստանի թատերական գործիչների ազգային կենտրոնը նույնպես այս հեղինակավոր կազմակերպության մասն է, եւ պատահական չէ, որ Թատրոնի միջազգային ինստիտուտի կողմից ընդունվել է կենտրոնի հրավերը՝ իր հերթական՝ 34-րդ կոնգրեսը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:
Հայաստանը վաղնջական ժամանակներից ունի թատերական ավանդույթներ, ինչպես նաեւ մշակույթը համամարդկային բարոյական որակների բարձրացմանը, ժողովուրդների բարեկամությանը եւ աշխարհի խաղաղությանը ծառայեցնելու խորապես գիտակցված սկզբունքներ:
Համոզված եմ, որ ներկա կոնգրեսը կդառնա համագործակցության, նոր ծրագրերի ու նախագծերի իրականացման հարթակ, կնպաստի արդի թատրոնի զարգացման միտումներին եւ առկա խնդիրների լուծմանը:
Հաջողություն եւ արդյունավետություն եմ մաղթում կոնգրեսի աշխատանքներին, իսկ մասնակիցներին՝ ջերմ ու անմոռաց տպավորություններ Հայաստանից»:



























