Կոռուպցիան եւ բռնությունը, ոստիկանության աշխատակիցների ոչ բավարար հարգալից վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ հանգեցնում են նրան, որ բնակչությունն անվստահությամբ է վերաբերում այդ կառույցին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում ոստիկանության հաշվետվողականությանը նվիրված լսումների ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Միաժամանակ նա նշել է, որ նման խնդիրներ կան շատ զարգացած երկրներում:
Իր հերթին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արտակ Կիրակոսյանը հայտարարել է այնպիսի դեպքերը բացառելու անհրաժեշտության մասին, երբ քաղաքացուն հրավիրում են զրույցի եւ չեն գրանցում դա, թեեւ այդ զրույցները կարող են օգտագործվել մարդու դեմ, որը տեղեկատվություն է տրամադրել:

Կիրակոսյանի կարծիքով՝ այդ խնդիրը անհրաժեշտ է լուծել օրենսդրական մակարդակով: