Նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻ նախարարությունում եւ Արմավիրի մարզում անցկացվելու է «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում արձագանքման կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն:
Միջոցառման հիմնական նպատակներն են.
• ստուգել եւ կատարելագործել ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հմտություններն ու ունակությունները` միջուկային ու ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտում բնակչության պաշտպանության կազմակերպման գործում:
• բարձրացնել ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության մակարդակը ՀԱԷԿ-ի ընդհանուր վթարի հակազդման գործում:
• գնահատել «ՀԱԷԿ-ի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի (ՀԱԷԿ-ի արտաքին վթարային պլանի)» իրատեսական լինելը:
• կատարելագործել ՀԱԷԿ-ի վթարային անձնակազմի ունակությունները վթարի չեզոքացման (վերացման) ու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության կազմակերպման գործում:
Ուսումնավարժությանը ներգրավված են ՀՀ բոլոր պետական կառավարման մարմինները, ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերը, ՀՀ Արմավիրի մարզի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման եւ շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորան գոտիներում գտնվող համայնքները, ինչպես նաեւ Հայկական ատոմային էլեկտրակայանը:
Ուսումնավարժությունն անցկացվելու է երկու փուլով՝
1) տեսական, որն անցկացվելու է ՀՀ ԱԻ նախարարությունում: Իրականացվելու է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի սպառնալիքի դեպքում բնակչության ազդարարում եւ պաշտպանության հրատապ միջոցառումների կազմակերպում.
2) գործնական, որն անցկացվելու է ՀՀ Արմավիրի մարզում՝ ընդգրկելով Մեծամոր եւ Մայիսյան համայնքները: Իրականացվելու է ՀԱԷԿ-ի արտանախագծային վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացում:



























