Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ուրախ է, որ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանն իր մեջ տղամարդկային ուժ է գտել եւ նոյեմբերի 17-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ հացադուլ է սկսել՝ պահանջելով  ԵԱՀԿ-ից կոնկրետ քայլեր իրականացնել եւ վերադարձնել խոցված ուղղաթիռի երեք օդաչուներին: 

«Ցանկացած մարդ ինքն է ընտրում պայքարի ձեւը: Միգուցե հացադուլը պայքարի լավագույն ձեւը չէ, սակայն դա իր սեփական նախաձեռնությունն է: Ինքս այն տղամարդկային քայլ եմ համարում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ինչ վերաբերվում է խոցված ուղղաթիռի դեպքին, Թեւան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարում են, իսկ պաշտպանության բանակն էլ պետք է անպայման համարժեք պատասխան տա:

«Պետք է ճիշտ ձեւով նախապատրաստել այն պատասխանը, որ Ադրբեջանը առաջին հերթին երկար զղջա իր կատարածի համար եւ երկրորդ անգամ նման սադրանքի չդիմի: Անպայման պետք է պատասխան տալ: Բացի դրանից՝ միջազգային բոլոր կառույցներում պետք է հայտարարություններ արվեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: