Հայաստանի Ազգային ժողովի, այսօրվա՝ նոյեմբերի 18-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է կառավարության կողմից ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 100 պատգամավոր. դեմ եւ ձեռնպահ չի եղել:
Բացի այդ, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունվել է 94 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագծով ՀՀ կառավարությունը մտադիր է նոր սուբսիդիաներ տրամադրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշել էր, որ արտոնությունները կտրամադրվեն միայն նրանց, ովքեր հաշվառված են եւ մշտապես բնակվում են սահմանամերձ բնակավայրերում: Արտոնությունների հետ կապված պետության ընդհանուր ծախսերը կկազմեն տարեկան շուրջ 1 մլրդ դրամ (մոտ 2,4 մլն դոլար):
Բնակիչների այս խումբը մասնակի փոխհատուցում կստանա գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի վճարի համար: Սուբսիդիայի ծավալը ամեն տարի սահմանելու է կառավարությունը: Չգազիֆիկացված գյուղերում տրամադրվելու է ջեռուցման համար համարժեք սուբսիդիա:
Նախատեսված է նաեւ 100%-անոց փոխհատուցում հակառակորդի կրակի տակ գտնվող հողատարածքի եւ ունեցվածքի հողահարկի եւ գույքահարկի համար: Խոսքը ցանկացած տեսակի հողատարածքի եւ շինությունների մասին է՝ դաշտեր, բակեր, բնակելի տներ, այն տարածվում է գյուղատնտեսների եւ իրավաբանական անձանց վրա: Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունների պատճառով իրենց տներից զրկված անձինք ապահովվելու են համարժեք բնակարանով՝ նույն համայնքի տարածքում: Հրաձգությունների կամ ռումբի պայթելու հետեւանքով վիրավորված բնակիչներին բուժօգնություն է տրամադրվելու պետպատվեր, իսկ զոհվածների ընտանիքներին՝ հուղարկավորման համար միանվագ օգնություն:




























