Ադրբեջանական բանակի կողմից ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի խոցումը օգոստոսյան դեպքերի արձագանքն է: Այս մասին նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ զինադադարի ռեժիմի խախտումը պատահական չէ: «Սրանում ռացիոնալ կարիք կա. ադրբեջանցիներին դա պետք է: Նրանք իրենք տարածքներ կորցրած են զգում, բնակչությունը դրանից հիասթափված է, եւ նրանց ասում են՝ եկեք բանակցություններ վարենք»,- նշել է Իսկանդարյանը:

Հայկական կողմերի արձագանքը, ընդգծել է քաղաքագետը, մշտապես լինում է բավական կոշտ: «Միշտ էլ զոհվածների ընդհանուր թիվը ադրբեջանական կողմի օգտին չի լինում», - նկատել է Իսկանդարյանը: Բայց եթե հայկական կողմերի արձագանքը, հավելել է նա, լինի զուտ ռազմական բնույթի, ապա արդյունքի չի հանգեցնի: «Արձագանքը չպետք է լինի նաեւ զուտ դիվանագիտական»,- միաժամանակ կարծում է քաղաքագետը:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական բանակի կողմից խոցվել էր ԼՂՀ ԶՈՒ Մի-24  ուղղաթիռը, որը ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: Ըստ նախնական տեղեկություններ, երեք օդաչուները զոհվել են: