Եթե Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ էլ չարվի հանրաքվե, ապա ինչի՞ համար է ընդունվել «Հանրաքվեի մասին» օրենքը: Նման հարցադրմամբ է հանդես եկել «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը», որը դեռեւս սեպտեմբերին դիմել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով անցկացնել հանրաքվե՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցի շուրջ հասարակական կարծիքի բացահայտման նպատակով:
Այս առնչությամբ Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Քանի որ, ի հեճուկս օրենքի պահանջի, վարչապետ Աբրահամյանից այդպես էլ չստացանք դիմումի պատասխան, նույն հարցով դիմեցինք նախագահ Սերժ Սարգսյանին եւ ստացանք բազմիմաստ մի պատասխան:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, չմերժելով եւ շրջանցելով հանրաքվե իրականացնելու պահանջը, հայտնում է, որ այդ հարցի շուրջ արդեն արված են սոցիալական հարցումներ:
Ու թեեւ պատասխան գրությունում նման բան ուղղակիորեն գրված չէ, սակայն ստացվում է, որ ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, սոցհարցումը կարող է փոխարինել հանրաքվեին: Ենթադրաբար, նույն տրամաբանությամբ, կարելի է այլեւս ընտրություններ չանել:
Նշենք, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 8.1 հոդվածը նախատեսում է, որ Կառավարությունը անց է կացնում հանրաքվե` պետական կյանքի կարեւորագույն հարցերի շուրջ հասարակական կարծիքի բացահայտման նպատակով:
Հստակ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր, ԵՏՄ-ին անդամակցումը պետական կյանքի կարեւորագույն հարցերից մեկն է: Ակամայից հարց է առաջանում, եթե այս հարցի շուրջ էլ չարվի հանրաքվե, ապա ինչի՞ համար է ընդունվել «Հանրաքվեի մասին» օրենքը:
Սակայն, ազնվության համար, եւս մեկ անգամ նշենք, որ առ այսօր, որեւէ պետական մարմին չի մերժել հարցի շուրջ հանրաքվե իրականացնելու «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» եւ մի խումբ պատգամավորների գաղափարը»:




























