Տնային կալանքի տակ գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի անձնական բժիշկ, նյարդաբան Հենրի Բակունցը նոյեմբերի 19-ին մեկնում է Մոսկվա՝ հայ գործարարին այցելելու համար:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բակունցը հայտնեց, որ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին այս պահին որեւէ նորություն չունի:
«Մեկնում եմ Մոսկվա, այցելելու եմ Լեւոն Հայրապետյանին, տեսնեմ, թե ինչպես է առողջական վիճակը: Դրանից հետո միայն կարող եմ հստակ բան ասել նրա վիճակի մասին»,- ասաց նյարդաբանը:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը տառապում է քաղցկեղով, ունի շաքարախտ: 3 օրը մեկ անգամ հայ գործարարը բուժման կուրս է անցնում հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։




























