Տնային կալանքի տակ գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանը 3 օրը մեկ անգամ տեղափոխվում է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ին ասաց գործարարի բժիշկ, նյարդաբան Հենրի Բակունցը:
«Հոկտեմբերին այցելել եմ Լեւոն Հայրապետյանին, առողջությունն անկայուն է, դեղեր է ստանում, բուժում եմ նշանակել, սակայն տան պայմաններում որակյալ բուժում ստանալը հնարավոր չէ: Այդ պատճառով էլ 3 օրը մեկ անգամ թույլ են տալիս հիվանդանոց գնալ եւ այնտեղ կաթիլային ստանալ»,- ասաց բժիշկը:
Հենրի Բակունցի խոսքով՝ հայ գործարարն ունի նաեւ հոգեբանական խնդիրներ, հոգեբանորեն վատ վիճակում է գտնվում. «Հույս ունենանք, որ ամեն ինչ շատ շուտով կավարտվի եւ Լեւոն Հայրապետյանի վիճակն էլ կնորմալանա»:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը տառապում է քաղցկեղով, ունի շաքարախտ:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։